ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի առարկել, երբ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն այս շաբաթ նրան ասել է, որ Իսրայելը կարող է կրկին հարվածել Իրանին, եթե Իսլամական Հանրապետությունը վերսկսի միջուկային զենքի ստեղծման աշխատանքները՝ հաղորդում է The Wall Street Journal–ը։ ԱՄՆ նախագահը հույս ունի օգտագործել նոր հարվածների սպառնալիքը, որպեսզի համոզի Իրանին ստորագրել միջուկային ռումբի մշակումն արգելող համաձայնագիր։               
 

«Շատ եմ ցանկանում, որ վերականգնվի իմ ժողովրդի անհոգ ժպիտը»

«Շատ եմ ցանկանում, որ վերականգնվի իմ ժողովրդի անհոգ ժպիտը»
29.12.2013 | 23:58

Հարցազրույց հայ ռոմանսի թագուհի ՄԱՐԻԵՏԱ ԲԱԴԱԼՅԱՆԻ հետ:

Ամանորը Մարիետա Բադալյանի օջախում

-Ինչպե՞ս էիք դիմավորում Ամանորը Ձեր մանկության տարիներին, երբ այն հեքիաթի եւ հրաշքի պես մի բան էր թվում:
-Այն իսկապես հեքիաթի էր նման: Իմ ծնողների ոգևորությունը փոխանցվում էր ինձ. նախ հայրս սիրում էր գնել ամենամեծ տոնածառը, որը մենք երեք երեխաներով զարդարում էինք, հետո մեզ համար հատկացված էր առանձին սեղան՝ մեր ափսեներով, պնակներով, և մայրս հատկապես ավելի էր ուշադրություն դարձնում այն բաների վրա, որ մենք էինք սիրում: Նախօրեին մայրս թխվածքներ էր պատրաստում իմ բոլոր մորաքույրների համար, ու մի քանի օր մեր տանից բուրում էր թխվածքների անուշահոտ բույրը: Մենք ունեինք մի հրաշալի գիրք, որ մինչև հիմա պահում եմ: Հաստափոր գիրք էր: Այդտեղ ցուցադրված էին սեղանի զարդարման ձևերը: Հենց այդպես շքեղ էլ ձևավորում էր մայրս մեր տոնական սեղանը: Այդ ամենը իսկապես հեքիաթ էր...
-Ասում են՝ Ամանորի գիշերը, երբ ժամացույցի սլաքները կանգնում են 12-ի վրա, ողջ Հայությունը միասնաբար երազանք է պահում, եւ այն ի կատար է ածվում: Ի՞նչ երազանքներ ունեք Դուք:
-Իմ երազանքը եթե նախկինում անձնական բնույթի էր, հետո վերածվեց իմ սեփական երեխաների երազանքը իրականանալու խնդրանքով: Հիմա ես ուզում եմ՝ իմ ժողովուրդը հոգսեր չունենա, նախկին անհոգ ձևով դիմավորի և հավատա, հույսը չկորցնի, որովհետև հիմա մի բացասական շերտ-գիծ է խանգարում, բայց գալու է նաև դրականի հերթը. կյանքը սինուսոիդ է... Ես դա զգացել եմ իմ ապրած տարիների ընթացքում:
-Ո՞վ է զարդարել այս տարի Ձեր տոնածառը: Սա էլ խորհրդավոր արարողության պես մի բան է:
-Այս տարի մեր տոնածառը զարդարել է աղջիկս՝ Էլիզան՝ իմ երկու թոռնիկների հետ միասին: Ուրախ, ոգևորված, պստլիկ թոռնուհիս՝ Արիանան, արդեն ընտրում էր՝ որ խաղալիքը որ ճյուղին է սազում, նույնը՝ Արենը: Շատ գեղեցիկ տոնածառ ստացվեց, բայց դե ես բնական ծառի բուրմունքին եմ հակված. այն ճիշտ է կտրված էր իր հողից: Բայց դե ծաղիկներն էլ են աշխատում մի քանի օր հաճույք պատճառել:
-Ինչպիսի՞ ուրախությամբ էիք անցկացնում Ամանորի օրերը Ձեր սիրելի ամուսնու՝ տաղանդավոր ռեժիսոր Յուրի Գզոյանի հետ միասին:
-Օ՜, Նոր տարին նրա ամենասիրած տոնն էր: Նա մի ուրիշ տեսակ էր ոգևորվում, և այն փոխանցում էր մեզ: Գնումներին չէր խառնվում, բայց գիտեր, որ ամեն, ամեն ինչ իդեալական էր լինելու: Դե քանի որ նա երաժշտական հաղորդումների գլխավոր ռեժիսորն էր, մինչև վերջին ժամերը նկարահանման և մոնտաժային աշխատանքներով էր զբաղված: Երբեմն այնպես է պատահել, որ հազիվ է հասցրել ժամը 12-ին տուն գալ: Մենք սեղանը պատրաստ միշտ սպասել ենք նրան: Հենց ուղիղ կեսգիշերին մենք շամպայնով շնորհավորում էինք միմյանց: Հետո նա սիրում էր Նոր տարվա առաջին րոպեներին երեխաներին և ինձ անպայման դրամ տալ: Ասում էր՝ թող գրպաններդ միշտ լիքը լինի: Մեզ մոտ սովորույթ էր՝ դիմավորել Նոր տարին նոր հագուստներով:
-Ես անձամբ եմ զգացել, թե Դուք, ժողովրդական լեզվով ասած, ի՜նչ «համով ձեռք» ունեք: Ի՞նչ ավանդական կերակրատեսակներ է պատրաստում Մարիետա Բադալյանը, եւ այդ բուրմունքը մինչեւ ու՞ր է հասնում:
-Նա շատ գեղեցիկ էր խոսում, շատ կնամեծար էր, գովում էր իմ պատրատած ամեն մի կերակուր: Շատ էր սիրում իմ թփով տոլման, մանր ֆրիկադելկաները, իմ բայա-դերան, թխվածք, որի համար խենթանում էր: Իդեալը, նապոլեոնը, շաքարլոխումը, այն, ինչ եփել եմ կամ թխել,եղել է արվեստով: Ես պետք է ասեմ, որ իր ընկերներից շատերն էին գալիս մեր տուն և միշտ բացահայտ գովել են ոչ թե քաղաքավարությունից դրդված, այլ իսկապես: Ես չգիտեմ բարի ասեմ, թե այլ նախանձ էի զգում նրանց ասածների մեջ: Հատկապես նրա ծննդյան օրերին, երբ ես համեղ կերակուրներ էի ուղարկում ստուդիա, այնտեղ նույնպես նշում էին իր ծննդյան օրը, նա գալիս և պատմում էր, որ բոլորը հիացած են եղել: Իսկ քանի որ նա մշտապես հսկում էր երաժշտական հաղորդումները, միշտ ստուդիայում էր լինում, հենց ամսի մեկից մինչև տասներեքը, մենք նրա ներկայությունը միայն ուշ ժամերին էինք վայելում: Յուրան շատ նվիրված էր իր աշխատանքին, իր մասնագիտությանը:
-Եվ վերջապես Ձեր ամանորյա բարեմաղթանքը Հայ ժողովրդին:
-Շատ եմ ցանկանում, որ իմ ազգի, իմ ժողովրդի մոտ վերականգնվի նախկին ժպիտը, անհոգ ժպիտը, սրտառատ ժպիտը, անբռնազբոս ժպիտը, և մեկ էլ՝ տեղ չտան չարությանը: Դա շատ կործանարար է և հիմա խցկվել է մեր երկիր: Չգիտեմ՝ որտեղից է եկել: Հարկավոր է այդ հատկանիշին իր տեղը ցույց տալ, շպրտել մեր երկրից, մեր հասարակությունից, մեր հոգիներից և սրտաբացորեն առատ սնունդ տալ բարությանը, իմաստությանը, գթասրտությանը: Իմ ազգն այսպիսին է եղել: Ուզում եմ՝ վերականգնվի նրա երբեմնի այդ հրաշագեղ կոչումը: Սիրում եմ իմ ազգը: Ոչ մի ազգ այդպիսին չէ, հավատացե՛ք:

Հարցազրույցը վարեց Սերգեյ ՄԱՆՎԵԼՅԱՆԸ

Դիտվել է՝ 2312

Մեկնաբանություններ